Փաշինյանն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին հայտնել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը:
Դեսպան Օբրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարգավորման առումով վերահաստատել ԱՄՆ նախագահի՝ նախագահներ Պուտինի և Մակրոնի հետ այսօրվա համատեղ հայտարարությամբ արտահայտած տեսակետը:
Վարչապետը հանգամանալից կերպով անդրադարձել է ներկայիս իրավիճակին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը:
Վարչապետը շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:
Արցախում իրավիճակի սրման մասինՍեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-