Եվրամիությունը հաստատակամ է ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը (Philippe Lefort):
«Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում և անընդունելի է համարել ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձերը»,- ԱԽ հաղորդագրության մեջ մեջբերվում է Լեֆորի խոսքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն իր հստակ և հրապարակային դիրքորոշմամբ միարժեքորեն պաշտպանում է հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու միջազգային սկզբունքները` շեշտելով, որ հարևան երկրի կողմից տարբեր մակարդակներում և տարբեր ժամանակահատվածներում հնչեցված դիրքորոշումները մշտապես եղել են իրարամերժ և բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը շարունակաբար ուղեկցվում է ռազմատենչ հայտարարություններով` հանդիսանալով բանակցային գործընթացի երկարաձգման պատճառ:
ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ այնուհանդերձ Հայաստանը եղել և մնում է տարածաշրջանում գործընկերային և կառուցողական մթնոլորտի ձևավորման ջատագովը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-