Բաքուն կպատասխանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ առաջարկություններին՝ դրանք ուսումնասիրելուց հետո

09.07.2011, 15:57
Բաքուն կպատասխանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ առաջարկություններին՝ դրանք ուսումնասիրելուց հետո
Բաքուն կպատասխանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ առաջարկություններին՝ դրանք ուսումնասիրելուց հետո

Բաքուն կպատասխանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններին՝ դրանք ուսումնասիրելուց հետո, շաբաթ լրագրողներին հայտնեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի նախագահի առաջարկությունները ուրբաթ ադրբեջանական ղեկավարությանն է փոխանցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք նախագահ Մեդվեդևի առաջարկությունները, և դրանց հետ մանրամասն ծանոթանալուց հետո կներկայացնենք մեր պատասխանը»,- ասել է Մամեդյարովը:

Նա միաժամանակ նշել է, որ հակամարտության կողմերը շարունակում են կարգավորման թարմացված մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթղթի ուղղությամբ տարվող աշխատանքը։

«Առաջին հերթին Երևանն ամենամոտ ժամանակներս պետք է դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի բռնազավթած տարածքներից, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասաց Մամեդյարովը՝ հավելելով, որ «դա ձեռնտու կլինի նաև Հայաստանին»։

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։

2010թ. հունվարի 15-ին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը, որը պարունակում է բազային սկզբունքների վերջին ձևակերպումները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-