Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, վստահ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես վստահ եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- չորեքշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ բոլոր ջանքերը, որոնք համաշխարհային հանրությունը՝ ի դեմս հակամարտության կարգավորման Մինսկի համաժողովի համանախագահներ Ռուասստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, գործադրում է փոխընդունելի հանգուցալուծում գտնելու համար, բացառում են հակամարտության ռազմական լուծումը։
Լավրովն ավելացրեց, որ Մադրիդում համաժողովի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նիստի շրջանակներում, կոչ արվեց խուսափել ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնցում առկա է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարր։ --0—