Ղարաբաղցի զինվորի մահվան մեղավորները կպատժվեն. ՀՀ ռազմական դատախազ [Վարկած 1]
![Ղարաբաղցի զինվորի մահվան մեղավորները կպատժվեն. ՀՀ ռազմական դատախազ [Վարկած 1] Ղարաբաղցի զինվորի մահվան մեղավորները կպատժվեն. ՀՀ ռազմական դատախազ [Վարկած 1]](/upload/iblock/ea5/v3scnnt38oiu94l1m7ii8wkw2vzkiurm.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Որպես այս երկրի քաղաքացի, շատ եմ ցավում, և մենք ոչ միայն կանենք հնարավոր ամեն բան նման դեպքերը բացառելու համար, այլ նաև խստագույն պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին»,- ասաց Կոստանյանը։
Ըստ նրա, այդ անբարոյական գործին ոչ մի միջնորդություն չի կարող լինել։
«Յուրաքանչյուր անձ դեպքի յուրաքանչյուր մասնակից խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, դիրքից»,- հայտնեց ռազմական դատախազը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)։
Կոստանյանը նշեց, որ տվյալ գործով սպա է ձերբակալվել, մեկ զինվոր էլ կալանավորվել է։
Խոսելով նախաքննության ընթացքի մասին՝ Կոստանյանը նշեց, որ կատարվածից անմիջապես հետո ինքը ՀՀ ՊՆ քննչական բաժնի պետ Արմեն Հարությունյանի հետ մեկնել է դեպքի վայր՝ գործի հանգամանքներին մանրամասնորեն, բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն ծանոթանալու համար։
Միաժամանակ նա նշեց, որ գործի վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես փոփոխվում է, քանի որ գործի քննության յուրաքանչյուր փուլում ինչպես կասկածյալների, այնպես էլ մեղադրյալների թիվը կարող է ավելանալ, «և այն կավելանա»։
«Այսօր համապատասխան հիմքեր են ձևակերպվում՝ դեպքին մասնակից այլ անձանց ևս ձերբակալելու և նրանց հանդեպ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց նա։
Միաժամանակ ռազմական դատախազը պարզաբանեց, որ նախաքննության շրջանակներում այսօրվա դրությամբ երկու դրվագ է դիտարկվում։
Ըստ նրա, նախաքննության շրջանակներում՝ այսօրվա դրությամբ ստացված տվյալների համաձայն, ծեծի և բռնության հետևանքով գումարտակում տուժածն իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և ընկել։
«Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որը գտնվում է գումարտակից շուրջ 30 կմ հեռավորության վրա, ըստ նախաքննության տվյալների, այնուհետև մոտ 10 ժամ նա բուժկետում է եղել բացարձակապես անօգնական վիճակում»,- ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ դրան ավելացել է նաև բուժկետի ծառայության պետի կողմից բռնություն կիրառելու դրվագը։ Արդյունքում, մի քանի ժամ անց տուժածին տեղափոխել են ռազմական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա մահվան փաստը։
«Այդ հանգամանքները ստեղծվում են նախաքննության ընթացքում ստացված ապացույցների շրջանակներում, և քննության ավարտից հետո մենք լիարժեք և վերջնական պատկեր կստանանք, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասաց նա։
Պատասխան լրագրողների այն հայտարարությանը, թե գործի սկզբում հանցագործությունը ծածկելու կամ այն որպես ինքնասպանություն, որպես հիվանդություն, դժբախտ պատահարի հետևանքով առաջացած մահ ներկայացնելու փորձ է արվել, Կոստանյանը նշեց, որ «այն հնարավոր վարկածները, որոնց մասին խոսակցություններ են տարածվել, և հատկապես թունավորումը, մահճակալից ընկնելը, հարբուխը, նախաքննություն անցկացնող մարմնի կողմից ընդհանրապես երբեք հետաքննության առարկա չեն եղել»։
«Մարմնական վնասվածքների փաստն ակնհայտ էր քրեական գործ հարուցելու սկզբնական փուլում, ինչը բացարձակապես բացառում է նման վարկածների քննարկումը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մահվան պատճառը կարող է հաստատվել բացառապես բժշկական եզրակացության հիման վրա։
Ռազմական դատախազը նշեց, որ տվյալ գործը լիովին բացահայտելու համար դեռ բազմաթիվ քննչական և ընթացակարգային միջոցառումներ պետք է անցկացնել, քանի որ «որոշակի հաջորդականությամբ և ժամանակի մեծ ընդմիջումներով հասցված մի քանի մարմնական վնասվածքներ կան»։
«Այո, մենք գիտենք, որ մահը վրա է հասել մարմնական վնասվածքների հետևանքով, սակայն պետք է պարզել՝ հնարավո՞ր էր առավել օպերատիվ և ժամանակին բժշկական օգնության շնորհիվ խուսափել նման ելքից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա մոտեցումները ձևավորվել են սկզբնական տվյալների հիման վրա, որոնք ճշգրտումների կարիք ունեն։
Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Աբրահամյանը զոհվել է օգոստոսի 26-ին ռազմական հոսպիտալում։ -0-