Հայաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներն ընտրությունների ժամանակ առաջին անգամ կկարողանան քվեարկել on-line ռեժիմում

Հայաստանի դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն առաջին անգամ կարող են մասնակցել 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին on-line ռեժիմում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քվեարկության համար դիվանագիտական անձնակազմը պետք է ԱԳՆ ներկայացնի անձնագրային տվյալների հայտը, ինչից հետո նախարարությունը կստուգի տվյալների համապատասխանատությունն ու կհաստատի աշխատակիցների գտնվելու վայրը», - ասել է Մուկուչյանը:
Այնուհետև կկազմվեն ընտրական ցուցակները, որոնք կտեղադրվեն ցանցում: «Ընթացակարգն ամողջովին թափանցիկ է, և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ այդ ընտրական ցուցակների հետ», - ասել է ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանի խոսքերով՝ ամեն ընտրող կստանա հատուկ գաղտնաբառ, որը քվեարկության ժամանակ պետք է մուտքագրի՝ էլեկտրոնային թերթիկը լրացնելու համար:
«Մենք հասկանում ենք, որ այս գործընթացը անվտանգության լավ մշակված համակարգ և ամբողջական թափանցիկություն է պահանջում՝ որևէ կեղծիքից և խափանումից խուսափելու համար: Քվեարկությունից և ձայների վերջնահաշվարկից հետո բոլոր on-line ընտրողները կկարողանան ծանոթանալ քվեարկության արդյունքների հետ», - ավելացրել է ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքերով՝ հետագայում, հնարավոր է, որ on-line քվեարկության համակարգը կիրառվի ոչ միայն դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար, այլև արտերկրում բնակվող մյուս ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ ԸՕ 60-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողները, որոնք ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, քվեարկության անցկացման օրը ՀՀ տարածքի սահմաններից դուրս գտնվելու դեպքում կարող են մասնակցել համապետական ընտրություններին՝ քվեարկելով էլեկտրոնային տարբերակով ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
ԿԸՀ-ն իր հերթին պարտավոր է այնպիսի պայմաններ սահմանել, որոնք կապահովեն էլեկտրոնային տարբերակով քվեարկող անձանց ազատ կամարտահայտության հնարավորությունն ու քվեարկության գաղտնիությունը:-0-