Իրանում և Սիրիայում իշխանափոխությունն անցանկալի է այդ երկրների հայկական համայնքների համար. փորձագետ

Իրանում և Սիրիայում իշխանության և իշխող ռեժիմների փոփոխությունը չափազանց անցանկալի է այդ երկրներում բնակվող հայերի համար, երեքշաբթի լրագրողների ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, արաբագետ Սուրեն Մանուկյանը:
«Իրանում և Սիրիայում հսկայական հայկական համայնքներ կան, որոնք իրենց չափազանց անվտանգ են զգում, և այդ երկրների իշխանությունները միշտ լավ են վերաբերվել տեղի հայերին: Հնարավոր փոփոխություններից հետո հայտնի չէ, թե ով կգա իշխանության և ինչպես կհաստատվեն հարաբերությունները հայկական համայնքի հետ», - ասել է Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ որքան ավելի կայուն լինի իրավիճակն այդ երկու երկրներում, հետագայում այդքան ավելի բարենպաստ կզարգանան հարաբերությունները Հայաստանի հետ:
Պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ եթե Իրանում և Սիրիայում ռազմական գործողություններ սկսվեն, ապա մեծ թվով հայեր կվերադառնան պատմական հայրենիք:
«Բացի հայերից, արդեն հիմա շատ իրանցիներ անշարժ գույք են գնում Հայաստանում և Ադրբեջանում», - ասել է Իսկանդարյանը:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է ՝ հայտարարելով, որ նրա միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:
Աշխարհում շուրջ 7-8 մլն հայ է բնակվում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է Հայաստանի բնակչության թիվը: Առավել մեծ թվով հայկական համայնքներ կան Ռուսաստանում (շուրջ 3 մլն), ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն), Ֆրանսիայում (շուրջ 500 հազար), Իրանում (180 հազար), Լիբանանում (120 հազար) և Սիրիայում (120 հազար):-0-