Հայկական լրատվամիջոցները 2011 թվականին աշխատել են ճնշվածության պայմաններում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Կոմիտեի 2011 թվականի հաշվետվությանը:
«2011 թվականին գրանցվել է լրագրողների դեմ ներկայացված հայցերի աննախադեպ թիվ՝ 34, ինչն անառողջ մթնոլորտ է ստեղծել ԶԼՄ-ների համար»,- նշեց Մելիքյանը:
Կոմիտեի նախագահի խոսքով՝ «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերի նկատմամաբ դատական գործերն ավարտվել են կողմերի խաղաղ համաձայնությամբ, մեկ հայց մերժվել է: Մինչ օրս շարունակվող դատական հայցերի վերաբերյալ Մելիքյանը նշեց, որ հանձնաժողովը դատական լսումների դիտարկում կանցկացնի և կհետևի դրանց արդյունքներին:
Հանձնաժողովի տվյալներով՝ 2011 թվականի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նախորդ երեք տարիների համեմատ կրճատվել են, սակայն աճել է ԶԼՄ-ների իրավունքների խախտումների թիվը, մասնավորապես մամուլի նկատմամբ ճնշման դեպքերը:
Ինչպես հայտնեց Մելիքյանը, նախորդ տարի արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության հինգ դեպք (2010-ին՝ ինը դեպք) և ԶԼՄ-ների ու մամուլի աշխատակիցների նկատմամբ ճնշման 49 դեպք (2010-ին՝ 19): Ըստ նրա, բացահայտվել է նաև ԶԼՄ-ների՝ տեղեկատվության ստացման և տարածման իրավունքի խախտումների յոթ դեպք (2010-ին՝ 18):
Մելիքյանը նաև մտահոգություն հայտնեց Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կիրառման առնչությամբ՝ պատվին, արժանապատվությանը և գործարար հեղինակությանը հասցված վնասի փոխհատուցման կարգի մասին՝ նշելով, որ այս հոդվածը դարձել է ընդդիմադիր մամուլի վրա ճնշում գործադրելու քաղաքական և տնտեսական գործիք:
«Ես մտահոգված եմ ստեղծված իրավիճակով, քանի որ ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի միտում է ֆինանսական կաթվածի համար պայմանների ստեղծումը»,- կարծում է Մելիքյանը:
2010 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանը լրացումներ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որոնք մեծ տուգանքներ են նախատեսում զրպարտության և վիրավորանքի համար, ինչը հայկական մամուլում վրդովմունք է առաջացրել: Լրացումների ընդունումից հետո ավելացել է տպագիր մամուլի դեմ հարուցված գործերի թիվը, որոնց հիմնական նպատակը, փորձագետների կարծիքով, թերթերի գործունեության դադարեցումը մեծ տուգանքների պատճառով կամ նրանց հարկադրումը ներքին գրաքննությանը:
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն օմբուդսմենի հայցով որոշում է ընդունել, որի համաձայն երկրի հիմնական օրենքին համապատասխանող ճանաչեց ՔՕ հոդվածի դրույթները, բայց պարտավորեցրեց դատարաններին ԶԼՄ-ների նյութական դրությունը գնահատել պատիվն և արժանապատվությունը վիրավորելու բողոքներով փոխհատուցումը սահմանելիս:
Ինչպես նշեց Մելիքյանը, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները ավելանում են հատկապես ընտրությունների ժամանակահատվածում: -0-