ՀՀ ԱԱԾ աշխատակիցները սգում են հետախույզ Գևորգ Վարդանյանի մահը

11.01.2012, 17:31
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները սգում են հետախույզ Գևորգ Վարդանյանի մահը
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները սգում են հետախույզ Գևորգ Վարդանյանի մահը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը ցավակցություն է հայտնել խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Նա մահացել է երեքշաբթի Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում՝ կյանքի 87-րդ տարում:

«Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը  և  ողջ  անձնակազմը  սգում է Գևորգ Անդրեյի  Վարդանյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա կնոջը` Գոհար  Վարդանյանին, ընտանիքին, մերձավորներին և ընկերներին: Լեգենդար հետախույզի  և համակրելի  մարդու  կերպարը միշտ վառ  կմնա ընկերների, աշխատակիցների, բոլոր ճանաչողների սրտերում»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱԱԾ մամուլի կենտրոնից տրամադրած ուղերձում:

Փաստաթղթում նշվում է, որ Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են  ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում` որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ:

Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում՝ իրանահպատակ, ձիթհան գործարանի տնօրեն Անդրեյ Վասիլիի Վարդնայանի ընտանիքում:

1930 թվականին, երբ Գևորգը վեց տարեկան է եղել,  ընտանիքը տեղափոխվել է Պարսկաստան: Նրա հայրը կապված է եղել խորհրդային արտաքին հետախուզության հետ և լքել է ԽՍՀՄ-ը հետախուզության առաջադրանքով: Առևտրային գործունեության քողի ներքո Անդրեյ Վարդանյանը հետախուզական ակտիվ գործակալի աշխատանք է իրականացրել: Հենց հոր ազդեցությամբ էլ Գևորգը հետախույզ է դարձել:

1940թ.  փետրվարին 16 տարեկան Գևորգ Վարդանյանը կապ է հաստատել Թեհրանում Խորհրդային ռեզիդենտուրայի հետ և սկսվել է նրա  հետախուզական, հերոսական գործունեությունը: Ռեզիդենտի հանձնարարությամբ Գևորգը գլխավորել է Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ֆաշիստական գործակալության և հիտլերյան հայտնաբերման հատուկ խումբը: Միայն երկու տարվա ընթացքում նրա խումբը մերկացրել է մոտ 400 մարդու, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել հիտլերյան հետախուզության հետ:

1942 թվականին «Ամիրը» (օպերատիվ ծածկանուն) կատարել է հատուկ հետախուզական հանձնարարություն: Չնայած, որ Մեծ Բրիտանիան հակահիտլերյան կոալիցիայում ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր, դա չէր խանգարում անգլիացիներին ընդհատակյա աշխատանք իրականացնել ԽՍՀՄ-ի դեմ: Անգլիացիները Թեհրանում ստեղծել էին հետախուզական դպրոց, որում հավաքագրվում էին ռուսաց լեզվի իմացությամբ երիտասարդներ՝ հետագայում Միջին Ասիա և Անդրկովկաս նրանց տեղափոխելու նպատակով:

Կենտրոնի հանձնարարականով՝ «Ամիրը» հետախուզական դպրոց մտավ և անցավ ուսուցման լրիվ կուրս: Թեհրանի ռեզիդենտուրան ստացավ դպրոցի և նրա սաների մասին մանրամասն տեղեկություն: ԽՍՀՄ տարածք ներդրված շրջանավարտները վնասազերծվում կամ վերահավաքագրվում էին և աշխատում խորհրդային հետախուզության «հսկողության» ներքո:

«Ամիրն» ակտիվ մասնակցություն ուներ Թեհրանի խորհրդաժողովի «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովման գործում 1943 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին:

Գևորգ Վարդանյանը կնոջ` Գոհար Վարդանյանի հետ Իրանում  հաջողությամբ գործել է մինչև 1949 թվականը, այնուհետև իրենց գործունեությունը, ներառյալ 1992թ.,  շարունակել են այլ երկրներում:

Վերջին գործուղումից հետախույզները վերադարձել են 1986 թվականի աշնանը: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը թոշակի է անցել, իսկ Գևորգ Վարդանյանը ծառայել է մինչև 1992 թվականը: Գևորգ Վարդանյանը Խորհրդային  արտաքին հետախուզական ծառայության առաջին  հետախույզն էր, որ իր  կենդանության օրոք  արժանացել է «Խորհրդային Միության Հերոսի» կոչման:

Գևորգ Վարդանյանն իր կյանքի  ընթացքում  արժանացել է պետական  և կառավարական բազմաթիվ շքանշանների  և այլ պարգևների, ինչպես նաև 85-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով  պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

Գնդապետ Գևորգ Վարդանյանը  մինչև  վերջերս էլ շարունակում  էր  ակտիվորեն աշխատել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունում` մեծ  սիրով ու պատրաստակամությամբ իր պրոֆեսիոնալ հարուստ փորձն էր  հաղորդում երիտասարդ հետախույզներին, ելույթ ունենում բուհերի  ուսանողների և այլ լսարանների առջև:

ՀՀ ԱԱԾ  ղեկավարության կողմից Գևորգ Վարդանյանը  պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար»  կրծքանշանով և նրան շնորհվել է անվտանգության մարմինների «Պատվավոր  աշխատակցի» կոչում: Հայաստանի անվտանգության մարմինների  պատմության թանգարանի  հետախուզությանը վերաբերող ցուցափեղկում  իրենց պատվավոր  տեղն են գտել Գևորգ և Գոհար  Վարդանյանների  հերոսական  գործունեությունը ներկայացնող որոշ նյութեր:

Վարդանյանը պարգևատրվել է նաև Պատվո շքանշանով: -0-