«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը, որը երեքշաբթի ընդունվեց Հայաստանի Ազգային ժողովում, թույլ կտա հստակ տարբերակել թիկնապահների իրավունքներն ու պարտավորությունները, ասաց Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը և հարակից օրենքների մի շարք լրացումներ, որոնք նախատեսում են մասնավոր պահնորդական գործունեության և թիկնապահների ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորում:
Օրինագծի համաձայն, պահպանվող անձին չի կարող ուղեկցել մեկից ավելի տրանսպորտային միջոց և երեքից ավելի թիկնապահ: Պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք չեն կարող օգտվել թիկնապահների ծառայություններ տրամադրող մասնավոր ձեռնարկությունների ծառայություններից:
«Ցանկանում եմ նշել, որ, մասնավորապես, պահնորդական գործունեության մեջ անհրաժեշտ է հստակ սահմանազատել թիկնապահների իրավունքներն ու պարտավորթյունները, ինչը հետագայում կարող է կարգավորել այդ դաշտը»,- երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:
Ըստ նրա, օրինագծի կետերի ցանկացած խախտում պատժամիջոցներ է նախատեսում տուգանքների տեսքով՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ակի չափով:
Սահակյանն առավել կարևոր է համարում այն, որ պահնորդական ձեռնարկությունները կզրկվեն որևէ այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և հատուկ հավաստագիր կստանան հատուկ դասընթացներ անցնելուց հետո:
Բացի այդ, զենքի կիրառման բոլոր դեպքերում թիկնապահը պետք է տեղեկացնի այդ մասին գործատու ընկերությանը և իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է նախկինում դատվածություն ունեցող թիկնապահներին, պատգամավորի կարծիքով, սխալ կլիներ հասարակությունից մեկուսացնել այն մարդկանց, ում դատվածություններն արդեն մարվել են:
Նա, մասնավորապես, նշեց անզգուշությամբ կամ թեթև հանցագործությունների համար պատիժ կրած անձանց:
Սահակյանն ընդգծեց, որ օրինագիծն այնքան լայն հասարակական արձագանք ստացավ, որ դրա խախտման դեպքերը կարող են նվազագույնի հասցվել: Օրինագիծը պատրաստվել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կառավարության համագործակցությամբ: -0-