Ավանդական կրոնները պահպանում են ժամանանակից մարդու բարոյական հիմքերը. Կիրիլ Պատրիարք
Այսօր հենց ավանդական կրոններն են այն ինստիտուտները, որոնք ժամանակակից մարդու կյանքում պահպանում են բարոյական հիմքերը, երկուշաբթի հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ընթացքում:
«Այդ պատճառով ավանդական կրոնների դերն այսօր հատկապես բարձր է, քանի որ կյանքի բարոյական հիմքերի պահպանումը հասարակական զարգացման առաջնահերթություն չէ: Եթե դուք վերցնեք ցանկացած քաղաքական ծրագիր, ապա մարդու բարոյական կյանքի հարցերին այնտեղ շատ համեստ տեղ է տրամադրված: Մարդկանց գիտակցությունն առաջին հերթին կողմնորոշված է տնտեսության ոլորտում ձեռք բերված հաջողություններին, քաղաքական հարցերի լուծմանը, սակայն մարդու ներքին կյանքն ուշադրությունից դուրս է մնում», - ասել է Պատրիարքը:
Նրա խոսքով՝ այդ պատճառով միջանձնային, միջհամայնքային, ազգամիջյան և միջպետական հարաբերությունների ոլորտում առաջացող հակամարտությունները չեն կարող չանհանգստացնել կրոնների ներկայացուցիչներին:
«Քանի որ ցանկացած հակամարտության հիմքում բարոյական սկզբի փլուզումն է՝ որոշակի բարոյական կոռոզիա: Եթե եղբայրը ելնում է եղբոր դեմ, ապա ինչ-որ վատ բան է տեղի ունենում մարդու ներսում», - ավելացրել է նա:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին միջոցառման անցկացմանն աջակցելու հարցում՝ Պատրիարքը նշել է, որ Երևանում ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդների հերթական հանդիպման անցկացումը կարևոր և նշանակալի իրադարձություն է:
«Ուրախալի է տեսնել, թե ինչպես է զարգանում մեր փոխգործակցությունը միջկրոնական խորհրդի պլատֆորմի վրա և ինչպես են ամրապնդվում բարեկամական հարաբերությունները խորհրդի անդամների միջև: Մենք պետք է այսօր աշխատենք հայեցակարգային տեսակետից կարևոր փաստաթղթի վրա, որը կորոշեր մեր խորհրդի գործունեության և մեր երկրներում միջկրոնական փոխգործակցության զարգացումը», - ասել է նա:
ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստն անցկացվում է Երևանում նոյեմբերի 28-29-ը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ու ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:-0-