ՀՀԿ պատգամավորը ոչ կոռեկտ է համարում իր կոալիցիոն գործընկերոջ արտահայտությունը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Համլետ Հարությունյանը ոչ կոռեկտ է համարել նախօրեին իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կոալիցիոն խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի արած հայտարարությունը:
Նախօրեին մամուլի ասուլիսում Բոստանջյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ին կհաջողվի ընդլայնել ընտրազանգվածն այն դեպքում, եթե ընտրություններում հավասար պայմաններ ապահովվեն:
«Պարոն Բոստանջյանն իմ ընկերն ու գործընկերն է, բայց չեմ կարծում, թե այսօր ճիշտ է նման հայտարարություններ անել: Նախևառաջ, նա վիրավորում է մեզ` Հանրապետական կուսակցությանը, ասելով «հավասար պայմանների ապահովման դեպքում»: Ստացվում է, որ կոալիցիոն գործընկերը կասկածներ ունի ընտրություններում կուսակցությունների համար հավասար պայմանների առիթով»,- ուրբաթ ասաց Հարությունյանը:
Ըստ նրա՝ Բոստանջյանի հայտարարությունը կոալիցիոն սկզբունքների կոպիտ խախտում է: «ՀՀԿ-ի ոչ մի ներկայացուցիչ դեռ ոչինչ չի ասել ընտրազանգվածի ընդլայնման մասին, մենք պարզապես պատրաստվում ենք նախընտրական գործընթացներին՝ որևէ մեկի կողմը քար չնետելով»,- ավելացրեց նա:
Բացի այդ, պատգամավորը կոչ արեց ընտրությունների մասին խոսողներին առաջին հերթին մտածել, թե անձամբ նրանք որքան մարդ կարող են իրենց հետևից տանել ընտրությունների:
«Անշուշտ, բոլոր պատգամավորները ցանկանում են ներկայացնել իրենց կուսակցությունը որպես հզոր և ազդեցիկ, բայց պետք է ավելի համեստ լինել: Սա հատկապես վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերներին»,- ընդգծեց Հարությունյանը:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2012 թվականի մայիսին:
Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները: -0-