Եվրոպայում վագրերի ամենամեծ ազատավանդակը կհայտնվի երևանյան կենդանաբանական այգում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վագրերի ազատավանդակը, որը նախատեսվում է բացել Երևանի ազգային կենդանաբանական այգում, Եվրոպայում ամենամեծը կլինի, ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, կենդանաբանական այգիների հայտնի նախագծող Բեռնարդ Հարիսոնը:
«Ներկայումս այդ ազատավանդակը գտնվում է մշակման գործընթացում»,- ասաց Հարիսոնը, ով «Արտիս» Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աջակցությամբ մշակել է այդ նախագիծը:
Ազառավանդակի կառուցման համար 2550 քառակուսի մետր տարածք է հատկացվել Երևանի կենդաբանական այգում:
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր հերթին ասաց, որ նախագծի շրջանակներում ենթադրվում է ենթակառուցվածք ձևավորել, որն առավելապես կվերարտադրի կատվազգիների խոշոր ներկայացուցիչների բնակման բնական միջավայրը՝ վայրի բույսեր, ժայռեր, ջրվեժ, լիճ, կիսաանապատի հատվածներ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է այդ գիշատիչների նորմալ կյանքի համար:
Նա նաև նշեց, որ վագրերի ազատավանդակների ձմեռանոցում նախ բնակվելու են առյուծները, քանի որ այսօրվա դրությամբ առյուծների վանդակները շատ նեղ են և ձմեռելու պայմանները չափազանց անհարմար են: «Նոր տարին առյուծները կդիմավորեն նոր կացարաններում»,- ավելացրեց կենդանաբանական այգու տնօրենը:
Երևանի պետական կենդաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայումս կենդանաբանական այգու բնակիչների տեսակների և քանակի հաշվառում է անցկացվում: -0-