ՀՀ վարչապետը շնորհավորել է Հունաստանի նոր վարչապետին՝ նշանակման կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի շնորհավորել է Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի և Հունաստանի պատմության համար այս կարևորագույն պահին կառավարության ղեկավարումը ստանձնելը չափազանց կարևոր և պատասխանատու առաքելություն է, քանզի այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Հունաստանում զարգացող իրադարձություններն են։
«Պարոն վարչապետ, հիշում եմ մեր համատեղ աշխատանքը, երբ դուք եւ ես նախագահում էինք մեր երկրների կենտրոնական բանկերը։
Դուք արդյունավետ եք իրականացրել ձեր աշխատանքը Հունաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում և ծանրակշիռ ներդրում եք ունեցել Եվրոպական կենտրոնական բանկի ամրապնդման գործում։ Ես համոզված եմ, որ հաջողելու եք նաև հիմա», - նշվում է վարչապետի ուղերձում:
Տիգրան Սարգսյանը Հունաստանի վարչապետին մաղթել է ուժ, եռանդ և հաջողություններ` բարեկամ Հունաստանի առջև ծառացած խնդիրներն օր առաջ հաղթահարելու համար։ -0-