Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ելույթ կունենա Կեմերովոյի «Crescendo» երաժշտական փառատոնին

10.11.2011, 19:35
Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ելույթ կունենա Կեմերովոյի «Crescendo» երաժշտական փառատոնին
Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ելույթ կունենա Կեմերովոյի «Crescendo» երաժշտական փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա որպես դիրիժոր այս օրերին Կեմերովոյում անցկացվող «Crescendo» երաժշտական փառատոնին, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, Սմբատյանը նոյեմբերի 11-ին ելույթ կունենա Կուզբասի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ նվագախմբի դիրիժորներն են նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուրի Տկաչենկոն և միջազգային մրցույթների դափնեկիր Տաո Լինը:

«Երիտասարդ աստղերի մասնակցությամբ վեց համերգ տեղի կունենա Ֆիլհարմոնիայի մեծ և փոքր համերգասրահներում: Կուզբասում անցկացվող «Crescendo» փառատոնի ծրագիրը բացի դասական երաժշտության համերգներից ներառում է նաև կամերային համերգ, Պ. Ի Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիրների համերգը, «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի համերգը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Փառատոնի գլխավոր նպատակն է հանդիսատեսին ներկայացնել երիտասարդ երաժիշտներին, սերունդների հաջորդականությունն ու ռուսական դասական կատարողական դպրոցի կենսական ուժը:

«Երիտասարդ կատարողների փառատոնի կազմակերպման գաղափարը ներկայացրել է հայտնի ռուս պրոդյուսեր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Սմելյանսկին: Նա համագործակցության առաջարկ է արել հայտնի դաշնակահար, Պ. Ի Չայկովսկու անվան ХI միջազգային մրցույթի դափնեկիր, «Նոր անուններ» հիմնադրամի փոխնախագահ Դենիս Մացուևին, ով նախագծի արտ-տնօրենն է», - նշվում է տեղեկատվության մեջ:

Փառատոնն անցկացվում է ՌԴ նախագահի աշխատակազմի և ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:-0-