Հազարավոր հայ երկպագուներ նամակներ են ուղղում Պլատինիին՝ մրցավար Գոնսալեսի ցմահ որակազրկման պահանջով
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հազարավոր հայ երկրպագուներ, ովքեր վրդովված են Իռլանդիա-Հայաստան խաղի վատ մրցավարությունից, նամակներ են ուղղում ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին՝ մրցավար Իտուրալդո Գոնսալեսի ցմահ որակազրկման պահանջով:
Նամակի տեքստը տեղադրված է Facebook սոցիալական ցանցում ստեղծված հատուկ էջում, որտեղ նաև նշված է ՈՒԵՖԱ-ի տեղեկատվական ծառայության էլեկտրոնային հասցեն:
Նամակում ասվում ՝
«Հարգելի պարոն նախագահ,
Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը կարմիր քարտ ցույց տվեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ ենթադրելով, որ վերջինս խախտել է կանոնները և ձեռքով դիպել գնդակին:
Սակայն խաղի կանոնները խախտել էր իռլանդացի հարձակվող Սայմոն Քոքսը, ով ձեռքով էր խաղացել: Ավելի ուշ BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ իսկապես խախտել է կանոնները, այն դեպքում, երբ հայ դարպասապահը նույնիսկ գնդակին չի դիպել:
Այն փաստը, որ Քոքսը ձեռքով է խաղացել, իսկ Բերեզովսկին չի դիպել գնդակին, ակնհայտ է դառնում կրկնապատկերը դիտելուց հետո:
Հայաստանն առաջին անգամ էր պայքարում Եվրո-2012-ի համար և մրցավարի պատճառով կորցրեց այդ հնարավորությունը:
Մենք Ձեր միջամտությունն ենք ակնակալում՝ որպես համաշխարհային հայտնի ֆուտբոլիստի և հասարակական գործչի: ՈՒԵՖԱ-ն պետք է պատժի մրցավար Գոնսալեսին և նրան զրկի իր պրակտիկան շարունակելու հնարավորությունից»,- ասվում է երկրպագուների ուղերձում:
Ուղարկվող նամակների քանակն աննախադեպ կերպով աճում է:
Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց:
Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին և նա Բերեզովսկու կողմից խախտում չի նկատել: -0-