Ֆրանսիայի հայերը նպաստում են երկու երկրների զարգացմանը և ամրապնդում նրանց միջև կապը. Սարգսյան

Ֆրանսիայի` հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր էլ իրենց ստեղծարար աշխատանքով նպաստում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի զարգացմանը և ամրապնդում կապերը երկու երկրների միջև, հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա: Այդ ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը երբեք էլ խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական ամրապնդման համար»,- հինգշաբթի հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին նախագահի խոսքը:
Նախագահը նշել է, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի:
«Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը»,- ասել է նա:
Այդ կապակցությամբ պետության ղեկավարը նշել է, որ այդ ժամանակից ի վեր Հայաստանում պղնձի ձուլումը դրվեց արդյունաբերական հիմքերի վրա: Այսօր էլ Հայաստանում պղնձի և մոլիբդենի արտադրությունը կազմում է մեր տնտեսության մի զգալի մասը:
Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար:
Ըստ նրա՝ հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում:
«Եվ այսօր Ավինյոն քաղաքի կենտրոնում կանգնած է 18-րդ դարի հայազգի գյուղատնտես Ժան Ալթընի, ում անուն ազգանունը Հովհաննես Ալթունյան է, արձանը, ով տորոնի մշակումը ներմուծել է Ֆրանսիա: Այսօր բոլորս ենք հիանում Փարիզի գերող և յուրօրինակ սրճարաններով, սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1672 թվականին այդպիսի սրճարան բացվել է հայազգի գործարար Հարություն Պասկալի կողմից»,- ասել է պետության ղեկավարը: -0-