Գորիսում ՄԱԿ-ի անկյուն է բացվել
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեքշաբթի բացվել է ՄԱԿ-ի անկյունը, հաղորդում է ՄԱԿ-ի հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը:
Անկյունը կգործի «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության տարածքում:
«Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿ-ի անկյունի գրադարանը ՄԱԿ-ի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Մենք շատ ուրախ ենք Գորիսում և հատկապես «Կանանց ռեսուրս կենտրոնում» ՄԱԿ-ի անկյուն ունենալու կապակցությամբ: Մենք պետք է տեղի իշխանությունների և ՄԱԿ-ի գործընկերների հետ միավորենք մեր ուժերը և համոզվենք, որ այն կծառայի որպես մեր մարզում երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու լրացուցիչ գործոն»,- ասել է «Կանանց ռեսուրս կենտրոնի» նախագահ Ռուզաննա Թորոզյանը:
Նա բարձր է գնահատել այդ նախաձեռնությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու հույս հայտնել:
ՄԱԿ-ի Հանրային վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր հերթին ընդգծել է Սյունիքի մարզում ՄԱԿ-ի անկյուն ունենալու կարևորությունը:
«ՄԱԿ-ի աշխատանքներում հանրության աջակցությունը և մասնակցությունն է մեր կազմակերպությունը դարձնում այնպիսին, ինչպիսին որ այսօր է` հզոր և արդյունավետ: Ինձ գոհացնում է այն, որ Սյունիքի մարզի բնակիչներին հնարավորություն կտրվի ավելի շատ տեղեկություններ ստանալ ՄԱԿ-ի կատարած աշխատանքների մասին»,- նշել է Դոցենկոն:
ՄԱԿ-ի հինգ այլ անկյուններ էլ գործում են Արտաշատում, Գյումրիում, Իջևանում, Կապանում և Հրազդանում՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցության շնորհիվ: -0-