ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախագիծն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ և այլ բարձրաստիճան այրեր:
Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և արժեքներին, ինչպես նաև պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: <Ծրագիրն ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջև փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը>,- նշեցին մամուլի ծառայությունից:
ԱԴԾ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ` ՄԱԿ-ի, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ժամանակակից աշխարհում, արդի մարտահրավերների հաղթահարման գործում, կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և հանդուրժողականության ամրապնդման, շրջակա միջավայրի պահպանում, առողջ կենսակերպի քարոզչություն, միջմշակութային ուսուցում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԱԴԾ ծրագիրը գործում է 1953 թվականից` միավորելով 9000 ավելի ուսումնական հաստատություն ավելի քան 180 երկրներում:
Ծրագրի նպատակն է դպրոցների համաշխարհային ցանցի միջոցով կյանքի կոչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքները` կրթության միջոցով աջակցել խաղաղությանը և միջազգային համագործակցությանը, նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդկային, ինչպես նաև որակյալ կրթության զարգացմանը:
Հայաստանում ԱԴԾ ծրագիրը գործում է 1997թ. մարտից: Ծրագրի համակարգումը իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը և Կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումը: -0-