Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մտադիր է սեպտեմբերի 19-ից վաճառքի հանել «Արմենիա» հատուկ կոնյակը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին, հայտնեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
«Կոնյակի արտադրությունը սկսվել է անցյալ շաբաթվանից: «Արմենիան» մեր հին ապրանքանիշն է, որը վաճառքի է հանվել դեռ Խորհրդային շրջանում: Սա առաջին կոնյակը կլինի, որը պատրաստված կլինի 1991թ.-ի խաղողի բերքից ստացված կոնյակի սպիրտից»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա:
Ըստ Գրիգորյանի՝ կոնյակը պատրաստված է սահմանափակ քանակությամբ՝ 10 հազար շիշ և վաճառվելու է ԵԿԳ ֆիրմային խանութներում՝ 55 հազար դրամ (շուրջ 150 դոլար) արժողությամբ:
Նա տեղեկացրեց, որ արտադրության 25 տոկոսը ծրագրվում է իրականացնել Հայաստանում, մնացածը՝ այլ երկրներում, քանի որ կոնյակի այդ ապրանքանիշն ավելի շուտ ներկայացուցչական դեր ունի, քան առևտրային:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ -0-