Հայաստանի հավաքականի մարզիչը հնարավոր է համարում հաղթանակը սլովակների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ իր սաներն ի վիճակի են հաղթել սլովակներին այսօր կայանալիք արտագնա խաղում, որը տեղի կունենա Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում:
«Հաղթելը հնարավոր է... Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինում խաղալ, ուստի պետք է ավելի շատ աշխատել», - մեջբերեցին Մինասյանի խոսքերը ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից:
Նա նաև նշել է, որ 2010 թ.-ի հոկտեմբերի 8-ին կայացած առաջին հանդիպման համեմատ (որի արդյունքում հայ ֆուտբոլիստները 3:1 հաշվով հաղթանակ տարան), Ժիլինայում կայանալիք Հայաստանի հավաքականի խաղում փոփոխություններ կմտցվեն:
«Փոփոխություններ կլինեն, քանի որ խաղը մրցակցի հարկի տակ է: Մարտավարությունը նույնպես այլ կլինի, քան Երևանում, սակայն պետք է նշեմ որ կան սկզբունքներ, որոնք մենք միշտ պահպանում ենք», - նշել է Մինասյանը:
Մարզչի խոսքերով՝ սլովակների հետ խաղի կարևորությունը, հաշվի առնելով Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի ձեռքբերման՝ Հայաստանի հավաքականի հնարավորությունները, չի կարող հոգեբանական խոչընդոտ լինել:
«Մենք պատրաստվում ենք միայն կոնկրետ խաղերի, այսինքն` տվյալ դեպքում` վաղվա խաղին», - նշել է Մինասյանը:
Նա ավելացրել է, որ հնարավոր է առաջին հանդիպման արդյունքում տարած հաղթանակն ունի որոշակի հոգեբանական նշանակություն: «Սակայն ինձ համար այդ հաղթանակն արդեն անցյալում է», - ընդգծել է մարզիչը:
Նա նշել է, որ «Կրասնոդար» թիմի առանցքային ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի վերադարձը (ով բաց է թողել նախորդ խաղը դեղին քարտերի քանակի պատճառով) դրական նշանակություն ունի թիմի համար: «Բայց պետք է ասեմ որ Արթուր Սարկիսովն էլ (Յարոսլավլի «Շիննիկի» ֆուտբոլիստ) լավ հանդիպում անցկացրեց Անդորրայի հետ», - ասել է Մինասյանը:
Խոսելով մրցակից մասին՝ Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ իրեն դուր է գալիս Սլովակիայի հավաքականը: «Շատ կազմակերպված և տակտիկապես լավ պատրաստված թիմ է», - ասել է Մինասյանը:
Անդորրայի հավաքականին պարտության մատնելուց հետո հայ ֆուտբոլիստները վաստակել են 11 միավոր և 7 հանդիպումներից հետո «В» խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը՝ խմբից դուրս գալու լավ հնարավորություն պահպանելով:
Սլովակներն ու իռլանդացիները 14-ական միավորով կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը: Մակեդոնիայի հավաքականը չորս միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Անդորրայի հավաքականը, չվաստակելով ոչ մի միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 16 միավորով զբաղեցնում է առաջատարի դիրքը:-0-