Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման փորձնական նախագիծը կիրականացվի մինչև 2011թ.-ի ավարտը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։
«Համակարգը նախատեսում է «մեկ պատուհանի» սկզբունքով միասնական ընդունարանի ձևավորում, որտեղ կներկայացվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ թոշակային, հաշմանդամության, նպաստների և այլ ուղղության խնդիրներով զբաղվող»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ միասնական ընդունարանի ձևավորումը թույլ կտա քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկանքներ և տվյալներ ստանալ մեկ կառույցից՝ առանց տարբեր գերատեսչություններ դիմելու։
Ըստ նախարարի, մինչև տարեվերջ փորձնական ծրագիրը կներդրվի երկրի երկու մարզերում և Երևանի երկու վարչական շրջաններում։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է սոցիալական ոլորտում Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի հաշվին։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում ծրագրվում է սոցիալական աշխատողի ինստիտուտ ձևավորել, որը չի զբաղվի ֆինանսական հարցերով, այլ աշխատանք կտանի յուրաքանչյուր ընտանիքի հետ, ով սոցիալական խնդիրներ ունի, անհատական սոցիալական աշխատանք կիրականացնի բնակչության հետ։ -0-