ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման առաջխաղացումը, եթե Ադրբեջանը հանի իր ուղղումները:
«Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը հանի իր 10 ուղղումները, որոնք նա ներկայացրել է Կազանում, ապա նման առաջխաղացում հնարավոր կլինի», - ուրբաթ լրագրողներին ասաց Նալբանդյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Դմիտրի Մեդվեդևին այն ջանքերի համար, որոնք ուղղված են օգնելու կողմերին համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները:
«Մենք եկել էինք Կազան հենց նման դրական տրամադրվածությամբ», - ասաց Նալբանդյանը:
Հունիսի 24-ին Կազանում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որի ընթացքում ղարաբաղյան խնդրի հարցում էական առաջընթաց ձեռք չի բերվել:
Սակայն Կազանի հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում երկրի ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-