Հայաստանին չի սպառնում Եգիպտոսից սերմերի հետ եկող E.coli վարակի ներթափանցումը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. E.coli աղիքային ինֆեկցիան չի կարող Հայաստան ներթափանցել Եգիպտոսից ներկրվող սերմերի հետ, քանի որ եգիպտական ծագման սերմեր հանրապետություն չեն ներկրվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պեպոյանը։
«Մենք ունենք Հայաստան ներկրվող տեսակների հստակ անվանացանկը։ Եգիպտոսից Հայաստան որևէ տեսակի սերմ չի ներկրվում»,- ասաց նա։
E.coli մանրէի հազվագյուտ շտամի առաջացրած աղիքային վտանգավոր վարակը Եվրոպայում ավելի քան 50 մարդու կյանք է խլել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ հիվանդությունն արձանագրվել է 16 երկրներում։
Այն մասին, որ E.coli մանրէով վարակված ծլեցրած սերմերը կարող էին Եվրոպա մտնել Եգիպտոսից, հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և պայքարի եվրոպական կոմիտեի (ЕСDC) և Պարենային անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) մասնագետները։ Սակայն Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալի Սուլեյմանը հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ այդ մանրէի առկայությունը Եգիպտոսում չի բացահայտվել և նախկինում երբեք չի արձանագրվել։ Ներկայում անցկացված զննումներից ոչ մեկը չի հաստատել Եվրամիության այն վարկածը, թե եգիպտական սերմերը վարակված են E.coli-ով։
Եվրամիությունը երեքշաբթի արգելք է դրել Եգիպտոսից սերմերի և պատիճավորների ներկրմանը մինչև հոկտեմբերի 31-ը, ինչից հետո Ռոսպոտրեբնադզորը որոշել է արգելել Եգիպտոսից Ռուսաստան սերմերի, ծլեցրած պատիճավորների, բազուկի, ռուկոլայի, հնդկաձավարի, մանանեխի ներկրումը։ -0-