Հայ բժիշկների համագումարը խթանում է հայության ներուժի համախմբումը. վարչապետ

07.07.2011, 14:33
Հայ բժիշկների համագումարը խթանում է հայության ներուժի համախմբումը. վարչապետ
Հայ բժիշկների համագումարը խթանում է հայության ներուժի համախմբումը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի  անցկացումը թույլ կտա խթանել հայության ներուժի, և, առաջին հերթին, նրա մտավոր հնարավորությունների համախմբումը։

Երևանում հինգշաբթի մեկնարկած համագումարին մասնակցում է մոտ 600 բժիշկ Հայաստանից և Սփյուռքի 250 ներկայացուցիչ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Սարգսյանը նշեց, որ այդ համագումարն ունի իր յուրահատուկ նշականությունը, ոչ միայն այն պատճառով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, այլ նաև այն պատճառով, որ ամբողջությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի և գերակայությունների հետ:

Նա նշեց, որ առողջապահությունն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ միջազգային համագործակցություն է անհրաժեշտ։ «Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ տեմպերով են ընթանում այդ ոլորտի ինտեգրման գործընթացները՝ չափանիշների ներդրում, նոր գյուտերի տարածում, և այդ տեսակետից վստահ եմ, որ այս համագումարը հնարավորություն կտա բացահայտել նորարարություններ, որոնք կծառայեն հայ ժողովրդի առողջությանը»,- ասաց նա։

Սարգսյանը բարձր գնահատեց սփյուռքահայ ներկայացուցիչների մասնակցությունը Երևանի բժշկական համագումարին՝ հիշեցնելով, որ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ հայկական պատմության մեջ մի քանի տարի առաջ ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը։

«Այդ նախարարության ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 21-րդ դարում, աշխարհը դառնալով օր-օրի ավելի փոքր, պարտադրում է առավել արդյունավետ կառույցներ ձևավորել հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբման համար»,- ասաց նա։ Կառավարության ղեկավարը ներկայացրեց նաև Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայ բժիշկը սփյուռքում, նախևառաջ, Հայաստանի դեսպանն է։ «Երկրորդ, հայ բժիշկը սփյուռքում ամենամեծ բարերարն է, և երրորդ, նա հաճախ կազմակերպչի գործառույթներ է կատարում»,- ասաց նա։

Հայաստանի միջազգային բժշկական երրորդ համագումարի նախագահ, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն իր հերթին նշեց, որ այս համագումարը տարբերվում է նախորդներից նրանով, որ այս տարի դրան ավելի մեծ թվով երիտասարդ ներկայացուցիչներ են մասնակցում։

Ըստ նրա՝ համագումարի շրջանակներում տեղի կունենա ութ լիագումար նիստ, 30 սեկցիոն նիստեր, սիմպոզիումներ, կընթերցվի 179 զեկույց։ Արբանյակային կապի միջոցով կապ կապահովվի Լեռնային Ղարաբաղի հետ, որպեսզի արցախցի բժիշկները կարողանան ակտիվորեն մասնակցել լիագումար նիստերին։

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Համագումարը կտևի մինչև հուլիսի 9-ը։ -0-