Հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողները ազգային հագուստի միասնական հավաքածու կստեղծեն

12.11.2010, 12:32
Հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողները ազգային հագուստի միասնական հավաքածու կստեղծեն

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ նկարիչ-մոդելավորողները և նրանց եվրոպացի գործընկերները միասին կստեղծեն ազգային հագուստի միասնական հավաքածու, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան ներկայացուցչությունից:

Բրիտանական խորհրդի նախաձեռնած «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագրի շրջանակում Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու:

Հայաստանում և ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում ցուցադրվելուց հետո   Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին:

Ծրագրի նպատակն է հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջև մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների և փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը:

Մինչ հավաքածուի ստեղծումը հայ և արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին:

Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Միջազգային այս կազմակերպությունները  Ազգային մշակույթների եվրամիության ինստիտուտների (European Union National Institutes for Culture -EUNIC) անդամ են:

«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը Հայաստանում միջազգային այդ կազմակերպությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձևության խորհուրդը:

Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 11-12-ը: Հայաստան կժամանեն Եվրամիության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները` մասնակցելու աշխատաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքն ու կսահմանվի նկարիչ-մոդելավորողների ընտրության կարգը:  --0--