Հայաստանում ռուսերենի վիճակի մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում. Ռիժկով

11.11.2010, 18:36
Հայաստանում ռուսերենի վիճակի մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում. Ռիժկով
Հայաստանում ռուսերենի վիճակի մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում. Ռիժկով

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսերենի վիճակի մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, հինգշաբթի լրագրողներին ասաց հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային Խորհրդի բնական մենաշնորհների կոմիտեի նախագահ Նիկոյալ Ռիժկովը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը դպրոցներում օտար լեզվի ուսուցման ներմուծում է ենթադրում, մեծ քննարկումների առիթ է դարձել։ Օրինագծին դեմ են մի շարք քաղաքական և հասարակական ուժեր։

«Օգտվելով ԶԼՄ-ների տեղեկատվությունից՝ հայտնի է, որ ռուսերենի խնդրին անդրադարձող երկու օրինագիծ կա: Ես չեմ պատրաստվում բնութագրել այդ օրինագծերը, քանի որ ես դրանք չեմ կարդացել, սակայն այն, ինչ մեզ հասնում է՝ լրագրողների մեկնաբանությունները և մամուլում լույս տեսնող հրապարակումները, որոշակի մտահոգություն է առաջացնում, հատկապես, երբ այդ հարցերը դրվել էին հանրային քննարկման», - ասաց Ռիժկովը:

Նա անվստահություն հայտնեց հրապարակումների օբյեկտիվությանը՝ ընդգծելով, որ դրանցում նշվում է, որ արշավն ավելի շատ ռուսերենի դեմ է եղել:

«Այդ պատճառով ես հասկանում եմ, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել... Կան մարդկանց սերունդներ, որոնք մեծացել և խոսում են իրենց մայրենի և ռուսերեն լեզվով», - ասաց Ռիժկովը:

Ինչ վերաբերում է ժողովուրդների բարեկամությանը, ապա ինչպես նշեց հանձնաժողովի համանախագահը, Ռուսաստանում այնքան հայ է բնակվում, որքան Հայաստանում, ընդ որում «այնքան էլ վատ չի ապրում»:

«Կարծում եմ, որ նրանք պետք է գնահատեն այն երկրի լեզուն, որտեղ ապրում են և  որով խոսում են, ընդ որում մեկ սերունդ չէ, որ ապրում է այդ երկրում... Ոչ ոք ոչ մեկի չի ստիպում, պարզապես պետք չէ հեռանալ իրական կյանքից», - ասաց Ռիժկովը:

Հանձնաժողովի հայ համանախագահ Արամ Սաֆարյանն իր հերթին նշեց, որ հայ և ռուս պատգամավորները միակարծիք էին, որ հարկավոր է հոգատար վերաբերմունք դրսևորել Հայաստանում ռուսերենի և Ռուսաստանում հայերենի նկատմամբ:

«Կարծում եմ, որ Յարոսլավլում մենք ռուսաստանցի պատգամավորների առաջարկով կքննարկենք Հայաստանում ռուսերենի և Ռուսաստանում հայերենի տիրապետման մակարդակի և դասավանդման հետ կապված հարցը», - ասաց Սաֆարյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստն անցկացվում է Երևանում նոյեմբերի 10-13-ը: Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի 2011 թ.-ի ապրիլին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում: Օրակարգում երեք հիմնական հարց է նախատեսված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, մարդասիրական համագործակցության և ընթացիկ ծրագրի կատարման խնդիրներ:-0-