Ռուս-հայկական հասարակական շարժումը գրասենյակ է բացում Երևանում

11.11.2010, 14:41
Ռուս-հայկական հասարակական շարժումը գրասենյակ է բացում Երևանում
Ռուս-հայկական հասարակական շարժումը գրասենյակ է բացում Երևանում

«Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման օժանդակության տարածաշրջանային հասարակական շարժման» երևանյան գրասենյակի բացումը տեղի կունենա ուրբաթ Մոսկվայի Տանը, Հայաստանի Ազգային Ժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

Ակնկալվում է, որ շնորհանդեսին ներկա կգտնվեն ռուսական կողմից՝ Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԴԽ Բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ԴԽ տնտեսական քաղաքականության, ձեռնարկատիրության և սեփականության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Օհանյանը, ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Սորոկինը, ԴԽ տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովը, ԴԽ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Տոնկովը, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հայկական կողմից բացմանը կմասնակցեն Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք անդամներ, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ։

Ավելի վաղ Երևանում «EXPO-RUSSIA Armenia 2010» միջազգային ցուցահանդեսի անցկացման ժամանակ երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արդեն ուշադրություն են դարձրել երիտասարդ միջազգային կազմակերպությանը։ Նախագահին է հանձնվել «Զարգացման ռազմավարություն» ամսագրի առաջին համարը։

«Ռուս-հայկական հարաբերությունների զարցագման օժանդակության տարածաշրջանային հասարակական շարժումը» երիտասարդ ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է 2010 թվականի մարտից, արդեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նպաստող մի քանի հաջողված միջոցառումներ է անցկացրել։ Իր գործունեությամբ շարժումը միտված է Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական կազմակերպությունների շփումների ընդլայնմանը, երկու երկրների երիկտասարդական կառույցների համագործակցության ամրապնդմանը և մարդասիրական նախագծերի շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը։ 

Վերլուծաբանները մատնանշում են հոկտեմբերի 21-ին Մոսկվայում անցկացված «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» միջազհային համաժողովը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են անդրկովկասյան տարածաշրջանում առկա սուր հարցերի լուծման ուղիները և իրավիճակի զարգացման հեռանկարները, Ռուսաստանի դերը տեղի ունեցող գործընթացներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ -0-