ՕԵԿ-ը ծանրակշիռ տեղ կունենա Հայաստանի նոր խորհրդարանում. պատգամավոր

08.11.2010, 14:41
ՕԵԿ-ը ծանրակշիռ տեղ կունենա Հայաստանի նոր խորհրդարանում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունը ծանրակշիռ տեղ կունենա ՀՀ հաջորդ գումարման Ազգային ժողովում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը:

Կուսակցությունը կառավարությունում երկու պորտֆել ունի՝ տրանսպորտի և կապի նախարարի և արտակարգ իրավիճակների նախարարի պորտֆելները, իսկ խորհրդարանում «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացնում են ութ պատգամավորներ: «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2003-2006 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը:

«Դրա համար մենք անցկացրել և անցկացնում ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, կուսակցությունը ընտրություններին մասնակցելու բավականին մեծ փորձ, ինչպես նաև հսկայական ռեսուրսներ և ներուժ ունի», - ասաց Հարությունյանը:

Խոսելով հայկական հասարակության մեջ շրջանառվող այն կարծիքների մասին, թե «Օրինաց երկիրը» հաջորդ խորհրդարանական ընտրություններում կմասնակցի իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում՝ Հարությունյանը նշեց, որ նման ենթադրությունները չունեն տրամաբանական հիմքեր:

«Հայաստանում անցկացված մի քանի ընտրությունները ցույց տվեցին, որ «Օրինաց երկիրը» հանգիստ կարող է ինքնուրույն մասնակցել ընտրություններին և հակառակ հոռետեսական կանխատեսումների՝ հաղթել ընտրություններում, քանի որ կուսակցությունն ունի հսկայական հնարավորություններ, ներուժ և ռեսուրսներ», - ասաց նա:

Հարությունյանի խոսքերով՝ բնական է, որ 2008թ.-ի իրադարձությունները (ընդդիմության և ոստիկանության միջև մարտյան բախումները, որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել, 200-ից ավելին՝ վիրավորվել. «Նովոստի-Արմենիա») ազդել են կուսակցության վարկանիշի վրա, քանի որ հայ ժողովուրդն ամեն ինչին մակերեսորեն է նայում, սակայն արդեն բավականին ժամանակ է անցել, որպեսզի մարդիկ վերջիվերջո հասկանան իշխող կոալիցիայի ստեղծման հետ կապված՝ կուսակցության այն ժամանակվա քայլերի ճշմարտացիությունը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին ընդգրկված է քաղաքական կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ին Հայաստանի նախագահական ընտրություններից հետո:

Հարությունյանը նաև ավելացրեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013թ.-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու չի ներկայացնի և կաջակցի Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2012 թ.-ին:-0-