Եվրախորհրդարանականների այցը Ղարաբաղ երկրի անկախության ճանաչման քայլերից մեկն է. պատգամավոր

29.10.2010, 17:27
Եվրախորհրդարանականների այցը Ղարաբաղ երկրի անկախության ճանաչման քայլերից մեկն է. պատգամավոր
Եվրախորհրդարանականների այցը Ղարաբաղ երկրի անկախության ճանաչման քայլերից մեկն է. պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցը Ղարաբաղ ԼՂՀ անկախության ճանաչման համար անհրաժեշտ քայլերից մեկն է, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի մեկօրյա այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են եղել: Նրանց ուղեկցել է Եվրոպահայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ առողջապահության, մոր և մանկան հարցերով հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը:

«Դա անհրաժեշտ աշխատանք է Արցախի միջազգային ճանաչման համար, որը մենք կանցկացնենք անկախ խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից առաջարկված օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, Եվրախորհրդարանը մինչև վերջին ժամանակները խուսափում էր ղարաբաղյան կողմի հետ կապեր հաստատել և այդ պատճառով խորհրդարանականների այցը ԼՂՀ չափազանց կարևոր է: Ինչպես հիշեցրեց Հովհաննիսյանը, Ղարաբաղի այցի ժամանակ պատվիրակները հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահի, խորհրդարանի խոսնակի, հանրային ներկայացուցիչների, մասնավորապես փախստականների հետ:

«Արդյունքում նրանք հասկացան, թե որտեղից են ի հայտ եկել և ինչպես են Ադրբեջանի տարածքում ապրել հայերը՝ նրանց բացատրեցին, որ թագավորական Ռուսաստանում հայերը, այդ թվում Արցախի հայերը, փող վաստակելու համար ադրբեջանական նավթահանքեր են ուղևորվել: Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների ջարդերի ժամանակ, հայերը Հայրենիք են վերադարձել, իսկ դրանք ոչ միայն ԼՂՀ քաղաքներն են, այլ նաև Լաչինը, Քելբաջարը, որոնց սովորաբար «բռնազավթված», այլ ոչ ազատագրված տարածքներ են կոչում»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի, եվրախորհրդարանականները տարակուսանք հայտնեցին այն կապակցությամբ, որ մինչև այսօր չեն իմացել տվյալ փաստերի մասին: Ինչպես նշեց պատգամավորը, անհրաժեշտ է աշխատանքներ տանել, որպեսզի Եվրախորհրդարանի աշխատանքը և դրա հումանիտար ծրագրերը նաև ԼՂՀ-ում տարածվեն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-