Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միգրացիայի հարցերում

28.10.2010, 17:26
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միգրացիայի հարցերում

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել «Հայաստանի  կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև Ռուսաստանում Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչության և ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության  ներկայացուցչության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքումը:

Ինչպես նշվում է համաձայնագրին կից տեղեկագրում, այժմ Ռուսաստանում աշխատանքներ են ընթանում ԱՊՀ-ից, այդ թվում նաև Հայաստանից ժամանած աշխատանքային միգրանտների կազմակերպված հաշվառման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ Հայաստանից միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, ինչպես նաև անօրինական վիճակում գտնվող աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումը, Հայաստանը շահագրգռված է աջակցել Ռուսաստանին ՀՀ քաղաքացիներին օրինական աշխատելու հնարավորություն տրամադրելու հարցում:

«Միաժամանակ համաձայնագրի կնքումը կնպաստի միգրացիոն խնդիրների լուծման հարցում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացմանը», - նշվում է տեղեկագրում:-0-