ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը [Տարբերակ 2-րդ]

28.10.2010, 13:23
ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը [Տարբերակ 2-րդ]
ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը [Տարբերակ 2-րդ]

ՀՀ խորհրդարանում հետաձգվել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը, հաղորդում  է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից։

Քվեարկությունը մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգելու առաջարկով հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ նախօրեին ԱԺ խոսնակի մոտ կայացած խորհրդաժողովի ժամանակ կոալիցիոն կուսակցություններն առաջարկել են հետաձգել օրինագծի քվեարկությունը՝ դեկտեմբերի 1-2-ն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում։

Միաժամանակ նա քիչ հավանական է համարել այն, որ «մինչև գագաթնաժողովը կամ դրանից հետո ինչ-որ բան կփոխվի»։

«Բայց եթե խորհրդարանական մեծամասնությանը մի փոքր ժամանակ է հարկավոր, մենք դեմ չենք... Մենք պատրաստ ենք ճշմարտության պահը տեղափոխել մինչև դեկտեմբերի 9-ի հինգշաբթին»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ խմբակցությունն ընդունում է կոալիցիոն ուժերի փաստարկները, որ օրինագիծը մինչև քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ը, խորհրդարանի օրակարգում կմնա։

«Այդ օրը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունելով օրինագիծը, մենք հայկական խորհրդարանի և ազգային քաղաքականության համար նոր փուլ կմտնենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի 19-ամյակը։

Ըստ նրա, մինչև Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեի 20-ամյա հոբելյանը, Սփյուռքը և Հայաստանը պետք է միասնական ջանքերով միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ  ծրագրված և նպատակաուղղված քաղաքականություն վարեն։

Քվեարկությունից առաջ Հայաստանի Հանրապետության կուսակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական մեծամասնության (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների) անունից հայտարարությամբ հանդես եկավ, որում նշված էր, որ կոալիցիոն չի մասնակցի քվեարկությանը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է։

«Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան:», - ասաց Սահակյանը։

Ըստ նրա, անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ և հետևողական կենսագործման պայմաններում։

«Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի՝ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սահակյանը նշեց, որ Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում կոալիցիոն ուժերը կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, կսատարեն դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-