ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Transparency International» կազմակերպության տարեկան ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 2010 թ.-ին առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ)՝ մնալով ԿԸ-ի ցածր համաթիվ ունեցող երկրների շրջանում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Transparency International»-ի Տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Կարևոր է ընդգծել, որ այս համաթիվը երկրներում ցույց է տալիս ոչ թե կոռուպցիայի մակարդակը, այլ այդ երևույթի հասարակական ընկալումը: Համաթվի սանդղակը 0-10 բալ է, որտեղ 10 բալին արժանանում են այն պետությունները, որտեղ հասարակությունը ընդհանրապես չի հանդուրժում կոռուպցիայի նման երևույթը», - ասաց Հոկտանյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ համաթվով Հայաստանը 2,6 բալով 123-126-րդ տեղերը կիսում է Էրիթրեայի, Մադագասկարի և Նիգերի հետ, գրեթե նույն տեղն էր զբաղեցնում Հայաստանը նախորդ տարի՝ հավաքելով 2,7 բալ:
Նրա խոսքերով՝ եթե պետության համաթիվը տարեցտարի չի փոխվում գոնե 0,3 կետով, ապա այն համարվում է անփոփոխ:
«178 երկրներից միայն 45-ը ունեն հինգ բալից ավել համաթիվ, այս տարի այդ երկրների թվում առաջատարի դիրքերը զբաղեցրել են Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան: Ուսումնասիրության հեղինակների համաձայն՝ եթե երկիրը հավաքում է երեք բալից պակաս, ապա ավելի շուտ կոռուպցիան այդ երկրներում սիստեմատիկ բնույթ է կրում», - նշեց գործադիր տնօրենը:
Հոկտանյանի խոսքերով՝ հետխորհրդային երկրների մեծամասնությունը, բացառությամբ մերձբալթյան երկրների, Հայաստանի նման լճացման վիճակում է գտնվում:
«Ուսումնասիրությունը հիմնվում է ամեն պետությունում փորձագետների և ձեռներեցների շրջանում անցկացված հարցազրույցների վրա», - տեղեկացրեց նա:-0-