Տարբեր երկրներ ավելի քան 400 աշխատանք կներկայացնեն Հայաստանում կայանալիք գովազդի POPOK փառատոնին

26.10.2010, 15:27
Տարբեր երկրներ ավելի քան 400 աշխատանք կներկայացնեն Հայաստանում կայանալիք գովազդի POPOK փառատոնին

Տարբեր երկրների ավելի քան 400 գովազդային հոլովակներ կներկայացվեն հոկտեմբերի 28-30-ը Երևանում կայանալիք POPOK գովազդի առաջին միջազգային փառատոնի ժամանակ, ասաց Հայաստանի գովազդի ասոցիացիայի նախագահ, փառատոնի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը:

«Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Փառատոնով հետաքրքրվում է աշխարհի 58 երկրների 156 քաղաք: Մենք նույնիսկ 200 աշխատանք չէինք ակնկալում, քանի որ առաջին անգամ անցկացվող փառատոններին շատ աշխատանքներ չեն ներկայացվում: Սակայն այսօրվա դրությամք մենք ունենք 400 գովազդային հոլովակ: Սա իսկապես մեծ հաջողություն է, և պետք է ասեմ, որ այդ աշխատանքների ճնշող մեծամասնությունն արտասահմանից են», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Փառատոնի հիմնադրի խոսքերով՝ փառատոնին թվով ամենաշատ գովազդային հոլովակ է ներկայացրել Ուկրաինան, իսկ հայկական աշխատանքները թվով 170-ն են:

Մարտիրոսյանը նշեց, որ փառատոնին ներկայացված են գովազդներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Բալթյան երկրներից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայից:

Փառատոնը կանցկացվի վեց անվանակարգերում՝ «Հեռուստագովազդ», «Ինտերնետ գովազդ», «Տպագիր գովազդ», «Մարքեթինգային արդյունավետություն», «Գրաֆիկական դիզայն», «Ռադիոգովազդ»:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ փառատոնին կազմակերպիչներն առավել արդար վերաբերմունք են ապահովել գնահատվող աշխատանքների նկատմամբ. առաջին հերթին, ժյուրիի անդամներն իրավունք չեն ունենա գնահատել այն երկրի աշխատանքները, որը նրանք ներկայացնում են, երկրորդը՝ փառատոնի կազմկոմիտեի անդամներից ոչ մեկը ժյուրիի կազմում չի ներառվի:

Նա ավելացրեց, որ փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանում գովազդի շուկայի կարգավորումը, ինչը կօգնի գովազդին համապատասխանել ընդունված նորմներին և օրենսդրությանը:

Մարտիրոսյանի խոսքերով՝ երեխայի կերպարը կարելի է օգտագործել միայն մանկական ապրանքներ գովազդելու դեպքում, սակայն այսօրվա դրությամբ հայկական գովազդը լի է մանկական կերպարի անտեղի օգտագործմամբ:

Deem Communicatoins ընկերության ղեկավար և փառատոնի կազմկոմիտեի անդամ Րաֆֆի Նիզիբլյանն իր հերթին նշեց վարպետության դասընթացների մեծ քանակը, որոնք կանցկացնեն գովազդային դիզայնի ոլորտի առաջատարները, մասնավորապես՝գովազդի բրիտանացի վարպետ Թոնի Թեյլորը:

Նիզիբլյանը կոչ արեց բոլոր շահագրգիռ հայկական ընկերություններին մասնակցել փառատոնին: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է:-0-