ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողովը Երևանում բացվեց գրքերի ցուցահանդեսով

25.10.2010, 19:28
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողովը Երևանում բացվեց գրքերի ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովը երկուշաբթի բացվեց Երևանում «Գրատոնավաճառը որպես տեղեկատվական տարածք թարգմանական գրականության տարածման համար» միջազգային ցուցահանդեսով։

«Առաջին անգամ մենք սկսում ենք համաժողովը գրացուցահանդեսի հանդիսավոր բացումով։ Գրքերը, որոնք դուք բերել եք, մեզ շատ են պետք...Դրանք կմնան Հայաստանում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների միության համար»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» կայքի խմբագիր Կարինե Խալատովան։

Ցուցահանդեսին ներկայացվել են մոտ 50 հրատարակչություններ և պարբերականներ, մասնավորապես «Արևիկ», «Ամարաս», «Էդիթ Պրինտ» (Հայաստան), «Արտ Հաուս Մեդիա» (Ռուսաստան), «Սելսվիթ» (Ուկրաինա)։

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև մոտ երեսուն շնորհանդես, կներկայացվեն հրատարաչական նորություններ, իսկ հեղինակներն ու թարգմանիչներն իրենք կներկայացնեն իրենց գրքերը։

Իր հերթին, ռուսական «Կնիժնոյե օբոզրենիյե» օրաթերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նաբոկովը նշեց, որ այս տարվանից օրաթերթը Համաժողովի լիիրավ պաշտոնական տեղեկատվական գործընկերն է, այդ իսկ պատճառով այն ամենը, ինչ տեղի կունենա այս օրերին, կլուսաբանի թերթը։ 

«Կցանկանայի թերթի էջեր հրավիրել նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների հրատարակիչներին և թարգմանիչներին»,- ասաց նա։

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» չորրորդ համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 25-28-ը։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 130 ներկայացուցիչներ աշխարհի 22 երկրից։

Բացի ԱՊՀ և Բալթյան երկրների 12 ներկայացուցիչներից, միջոցառման մասնակիցներ կդառնան նաև թարգմանիչներ Վրաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Բոսնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Ֆրանսիայից։

Համաժողովն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ -0-