Երկու հոգու մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ

25.10.2010, 17:42
Երկու հոգու մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ
Երկու հոգու մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին և  ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին առաջադրված մեղադրանքները,  երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Գ.Հայրապետյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Բ. Բաղերիի հանդեպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից)։

Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Հաղորդագրության համաձայն, ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը:

Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։

«Նյութերը հայտնաբերվել են  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչեւանե սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել է 12 տարվա, իսկ Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման:

Քրեական գործի դատաքննությունը տեղի է ունեցել դռնփակ:

Ամբաստանյալները ապահովված են եղել պաշտպաններով, իսկ ԻԻՀ քաղաքացին՝ նաև թարգմանիչով: -0-