Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծն այս շաբաթ կներկայացվի հայ պատգամավորների քվեարկությանը
«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության օրինագիծն այս քառօրյայում (հոկտեմբերի 25-28-ը) կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քվեարկությանը, երկուշաբթի նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Օրինագծով նախատեսված է, որ Հայաստանը իրավական մակարդակով պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և այս փաստաթղթի ընդունումը հիմք կդառնա՝ ճանաչումից բխող բոլոր հարցերի, այդ թվում նաև անվտանգության հարցերի կարգավորման համար:
«Ժառանգություն» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկումների և քննարկվող հարցերի շուրջ քվեարկության ընթացիկ օրակարգի հաստատման ժամանակ հետաքրքրվել է խմբակցության կողմից ներկայացրած օրինագծի ճակատագրով և այն քվեարկության ներկայացնելու ժամկետներով:
Հովհաննիսյանն առաջարկել է իր գործընկերներին առաջին ընթերցմամբ ընդունել համազգային նշանակություն ունեցող օրինագիծը, ինչից հետո քննարկել մնացած բոլոր հարցերը:
«Քառօրյայի ընթացքում օրինագիծը կդրվի քվեարկության», - խոստացել է Աբրահամյանը՝ առաջարկելով կոալիցիոն գործընկերներին քննարկել այդ օրինագծի քվեարկության նկատմամբ մոտեցումները:
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության օրինագիծը հակասական զգացմունքներ է առաջացրել խորհրդարանում: Հայկական բոլոր խմբակցությունները կողմ են Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությանը, սակայն նրանք բոլորն այս կամ այս կերպ չեն համաձայնել «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված այդ հարցի մոտեցման հետ:
Գրեթե բոլոր պատգամավորները համակարծիք են, որ չկա ոչ մի հայ, ով կողմ չէ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Սակայն, նրանց կարծիքով, այդ հարցը դեռ վաղ է բարձրացնել:
Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ խմբակցությունը պատրաստ է քվեարկել օրինագծի օգտին, չնայած որ այն վաղաժամ է համարում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-