Երևանի պետական համալսարանն ու Ռոստոկի գերմանական համալսարանը մագիստրոսական ծրագիր են իրականացնում

22.10.2010, 18:50
Երևանի պետական համալսարանն ու Ռոստոկի գերմանական համալսարանը մագիստրոսական ծրագիր են իրականացնում

Հոկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի կունենա Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների «Վիզուալ հաշվարկ» համատեղ մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացումը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵՊՀ-ի մամուլի ծառայությունից։

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում: Նախագծի շրջանակում նախատեսվում է 2011-2012 և 2012-2013 ուստարիներում այլ մագիստրոսական ծրագրերի ներդրում ԵՊՀ-ում:

Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետևյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն և պատկերների մշակում:

Դեռ 2009 թվականին Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը (DAAD) հաստատեց համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծ` ներկայացված ԵՊՀ և Ռոստոկի համալսարանի (ՌԴ) կողմից: Համաձայն այս նախագծի` ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում և մեկ կիսամյակ ՌՀ-ում, որտեղ և պաշտպանելու են մագիստրոսական թեզ:

Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ , այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչը չունի նախադեպ Հայաստանում: 

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները` այդ թվում նաև արտերկրից:

«Վիզուալ հաշվարկե մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Օլիվեր Շտադտը: -0-