ՀՀ օմբուդսմենն ադրբեջանցի գործընկերոջը խնդրել է տվյալներ տրամադրել հայ փախստականի` Բաքվում թողած բնակարանի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային նամակ է հղել՝ խնդրելով հայ փախստականի ընտանիքի՝ Բաքվում թողած, ապահովագրած բնակարանի մասին տվյալներ տրամադրել։
«Երևանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հայտարարությունում հայտնեց, որ իր ընտանիքը չորս անձից է բաղկացած՝ ինքը Անդրեյ Ծատուրյանը (1938թ.-ի ծնված), կինը՝ Նելլի Ծատուրյանը (1938) և երկու երեխաները՝ Արթուր Ծատուրյանը (1968) և Սուսաննա Ծատուրյանը (1971)»։
Հայտարարությունում նշվում է, որ Ծատուրյանը 1988թ.-ին ընտանիքի հետ լքել է Բաքուն՝ այնտեղ թողնելով երկու սենյականոց բնակարանը և ողջ ունեցվածքը, որը գրանցվել է 10 հազար ռուբլի գումարի չափով։
Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը՝ խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում:
«Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ»,- ասվում է նամակում։ -0-