Ադրբեջանցիների հակահայկական տրամադրվածությունը վկայում է նրանց ազգային թերարժեքության մասին. փորձագետ

20.10.2010, 14:54
Ադրբեջանցիների հակահայկական տրամադրվածությունը վկայում է նրանց ազգային թերարժեքության մասին. փորձագետ
Ադրբեջանցիների հակահայկական տրամադրվածությունը վկայում է նրանց ազգային թերարժեքության մասին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրվածությունը վկայում է ադրբեջանցիների ազգային թերարժեքության մասին, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ես` որպես էթնոհոգեբան, կարող եմ ասել, որ Ադրբեջանում տիրող հակահայկական, ֆաշիստական  և ռասիստական տրամադրվածությունները, պատմահենությունը, պատմության խեղաթյուրը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները միավորման մեթոդ, շաղախվելու այլ միջոց չունեն: Եթե չլինեն Հայաստանն ու ղարաբաղյան հարցը, չի լինի նաև ադրբեջանական ժողովուրդը, որն արհեստականորեն է ստեղծված», - չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեմոյանի խոսքերով՝ ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության գործողություններն ուղղակիորեն վկայում են ազգային թերարժեքության մասին:

Ինչպես նշեց թանգարանի տնօրենը, ադրբեջանցիները՝ որպես էթնիկ հանրություն, գտնվելով մրցակցության և նույնիսկ պատերազմական դրության մեջ հայ ազգի հետ, փորձում են ընդօրինակել հայերի վարքագիծը:

Ինչպես նշեց Դեմոյանը, ադրբեջանցիները, տեսնելով սփյուռքի հետ հայերի աշխատանքը, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար մղվող պայքարը, ևս փորձում են ադրբեջանական սփյուռք ստեղծել, խոսում են ադրբեջանցի ժողովրդի «ցեղասպանության» մասին՝ կառուցելով «ցեղասպանության զոհերի» հուշարձաններ:

Թանգարանի տնօրենն ընդգծեց, որ նման ձևով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արհեստականորեն համախմբել թուրքալեզու ժողովուրդներին՝ այդ թվում նաև ստեղծելով առասպել ադրբեջանցի ժողովրդի առաջնորդ Հեյդար Ալիևի մասին: Ինչպես հիշեցրեց Դեմոյանը, աշխարհի շատ քաղաքներում արդեն տեղադրված են Ալիևի հուշարձաններն ու կիսանդրիները, նրա անունով բազմաթիվ փողոցներ կան:

«Եթե այսպես շարունակվի, ապա Ալիևի հուշարձանները կհայտնվեն ողջ երկրագնդում... Նման կերպ ադրբեջանցիները փորձում են ընդօրինակել Աթաթյուրքին... Այս ամենը ազգային թերարժեքության դրսևորում է, հայ ժողովրդի հետ հավասարվելու փորձ», - կարծում է Դեմոյանը:-0-