Ռուսական կողմը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի հիմնական մասնակիցներից մեկը կլինի. վարչապետ

20.10.2010, 11:47
Ռուսական կողմը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի հիմնական մասնակիցներից մեկը կլինի. վարչապետ
Ռուսական կողմը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի հիմնական մասնակիցներից մեկը կլինի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական կողմը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի հիմնական մասնակիցներից մեկը կլինի, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այս կապակցությամբ բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, պատվերներն արդեն տեղաբաշխվում են, և մենք մեծապես կարևորում ենք դա, քանի որ ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների մասնակցությամբ նոր տեխնոլոգիայով ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցումը խոսում է այն մասին, որ դա կլինի լավագույն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ատոմակայան», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը, լինելով այս ոլորտի համաշխարհային առաջատար գերտերություններից մեկը, ողջ աշխարհում շատ հաջող նման նախագծեր է իրագործում:

«Մենք իրար շատ լավ ենք հասկանում,  խոսում ենք միևնույն լեզվով, ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ, միասնական հարթակ, և որ ամենակարևորն է՝ միասնական ենթակառուցվածքներ այդ նախագծի իրագործման համար: Կարծում եմ, որ դա կլինի այն բանի երաշխիքը, որ այս նախագիծը կիրագործվի շատ արագ և արդյունավետ», - ասել է վարչապետը:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ. դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպաատկով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։ 

Ինչպես նախկինում տեղեկացրել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին: Նրա խոսքերով՝  արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ընկերությունը՝ ԱԷԿ-ի կառուցման համար, որը պետք է ապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսից ավելին, իսկ 60 տոկոսը ծրագրվում է ներգրավել ներդրողների հաշվին: --0—