ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել ամերիկացի գործընկերների հետ ապահովագրական խարդախության հետաքննության գործում

15.10.2010, 16:00
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել ամերիկացի գործընկերների հետ ապահովագրական խարդախության հետաքննության գործում
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել ամերիկացի գործընկերների հետ ապահովագրական խարդախության հետաքննության գործում

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ ապահովագրական խարդախության աղմկահարույց գործի հետաքննության հարցում, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հետաքննում են ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բժշկական ապահովագրության խարդախ սխեման: Ապահովագրավճարներ ստանալու նպատակով խաբեբաները ԱՄՆ-ի 25 նահանգներում ստեղծել են գոյություն չունեցող 118 բուժհաստատություններից բաղկացած մի ցանց, որտեղ իբր բուժում է անցկացվում, նրանք կանոնավոր կերպով ապահովագրական փոխհատուցումներ են ձևակերպել իրական բժիշկների անունից, որոնց տվյալները գողացված են եղել:

«Միջնորդություն ստանալու դեպքում Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել և աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել ևս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում», - նշվում է Տռուզյանի հայտարարության մեջ:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: Ինչպես տեղեկացնում է Տռուզյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից:

Հինգշաբթի հանցագործ կազմակերպության 41 անդամ է ձերբակալվել, մյուսները հետախուզման մեջ են գտնվում։ Դատախազությունը հայտնել է, որ այդ խմբի 28 մասնակիցներին նաև ռեկետի մեղադրանք է ներկայացվել։ Քրեական խմբավորումը, որը հայտնի է որպես Արմեն Ղազարյանի և Ռոբերտ Թերջանյանի խումբ, առավելապես գործել է Նյու Յորքում և Լոս Անջելեսում և սերտ կապեր է ունեցել ՀՀ քրեական հանրության հետ։ --0—