Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Գլենդեյլի «Նարեկ» հայկական դպրոց

13.10.2010, 15:53
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Գլենդեյլի «Նարեկ» հայկական դպրոց

Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող և օտար կրթություն ստացող, նաև` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին և երկրից դուրս ՀՀ-ն ներկայացնող կառույցների գործառույթներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների եւ աշակերտների կարծիքը լսելն էր:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես և անվճար տրամադրվել աշակերտներին:-0-