Սպանությունը արդարացնելուն ուղղված Բաքվի ճիգերը սնվում են այն հանգամանքից, որ ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել. ՀՀ ԱԳՆ

08.10.2010, 13:32
Սպանությունը արդարացնելուն ուղղված Բաքվի ճիգերը սնվում են այն հանգամանքից, որ ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերությունում գտնվող հայ քաղաքացու սպանությունը արդարացնելուն ուղղված Բաքվի ճիգերն Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերի կազմակերպիչների անպատժելի մնալու հետևանք են, կարծում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանն ու զինվորական դատախազությանը, հաղորդագրություն են տարածել, որի համաձայն սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանը հոկտեմբերի 5-ին իբր ինքնասպանություն է գործել։ «Սարիբեկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին, հայ-ադրբեջանական ռազմաճակատի հյուսիսարևելյան մասում, երբ ադրբեջանական կողմը դիմագրավել է հայկական դիվերսիոն խմբի հարձակմանը»:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը բնորոշ է ահաբեկիչներին: Պարոն Պոլուխովի՝ (Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար – «Նովոստի-Արմենիա») Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը և անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռևս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի ևԱրցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին և հերոսացվեցին ու մեծարվեցին»,- ասվում է ուրբաթ տարածած Բալայանի հայտարարությունում։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Հայ բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում և, մասնավորապես, Բաքվում՝ 1990 թվականի հունվարին։ Արդյունքում, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր են ժամանել  ավելի քան 360 փախստական-հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ։

Ինչպես նշում է Հայաստանի ԱԳն մամուլի քարտուղարը, այդ անպատժելիությունից ոգեւորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ:

«Այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում և հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել և ծրագրել նոր ոճրագործություններ»,- ասվում  է հայտարարությունում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը»,- նշված է հայտարարության մեջ։-0-