ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին պատասխանատու է համարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու մահվան համար

06.10.2010, 10:47
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին պատասխանատու է համարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու մահվան համար
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին պատասխանատու է համարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու մահվան համար

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին մեղավոր է համարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու ողբերգական մահվան համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ  հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 03:00-ին ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 11-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Սարիբեկյանի  պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։

«Որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն  իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա», - նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից նշեցին, որ չնայած հայկական կողմի պարազաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

«Հրավիրում ենք միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության   օրերին», - նշվում է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում նաև կարծում են, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: «Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին», - նշվում է հայտարարության մեջ:-0-