Հայաստանը պետք է իր ազգային շահերը ձևավորի Կովկասի վերաբերյալ բանակցությունների համատեքստում. Զլոբին

01.10.2010, 17:06
Հայաստանը պետք է իր ազգային շահերը ձևավորի Կովկասի վերաբերյալ բանակցությունների համատեքստում. Զլոբին
Հայաստանը պետք է իր ազգային շահերը ձևավորի Կովկասի վերաբերյալ բանակցությունների համատեքստում. Զլոբին

Հայաստանը պետք է վերջապես լրջորեն, հիմնարար կերպով, ռազավարական տեսանկյունից ձևավորի իր ազգային շահերը և դնի դրանք Կովկասի վերաբերյալ բանակցությունների և բոլոր բանավեճերի սեղանին, ասաց ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

«Ես խորապես համոզված եմ, որ առաջնահերթությունների կենտրոնում պետք է լինեն ոչ թե քաղաքական, աշխարհագրական կամ տարածքային հակամարտությունները, խնդիրներն ու պրոբլեմները, այլ սեփական երկրի դուրսբերումը նոր մակարդակի, նախևառաջ ժողովրդի կյանքի որակի տեսանկյունից։ Մնացածը երկրորդական է»,- ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զլոբինը։

Այս առնչությամբ նա որպես օրինակ բերեց Վրաստանը և ասաց, որ չի կարելի թույլ տալ այն սխալը, որ թույլ տվեց այդ երկիրը։

 «Ազգային շահերի ցուցակում գլխավոր առաջնահերթությունը համարեցին տարածքային խնդրի լուծումը, և պարզվեց, որ դա ճիշտ չէ»,- պարզաբանեց նա՝ ասելով, որ արդյունավետ չէ սեփական քաղաքականությունը կամ երկրի ողջ կյանքը պատանդ դարձնել այն հարցին, թե լուծված է, արդյո՞ք, այդ խնդիրը, թե ոչ։

Զլոբինը նաև համոզմունք հայտնեց, որ չկա մարդու շահերից ավելի բարձր բան, և որ «ոչ մի պետություն, դրոշ, ազգային խորհրդանիշներ, սահմանադրություն չի արդարացնում մարդկանց կյանքի որակի վատացումը»։

«Սա պետք է գլխավոր առաջնահերթություն դառնա։ Եթե դուք ապրում եք լավ այն մեկից, ում չեք սիրում, ապա դա ամենագլխավոր ապացույցն է, որ դուք ճիշտ եք։ Ավելի լավ ապրել կարողանալը պատմական ռևանշ է»,- հավելեց փորձագետը։ -0-