Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հարցը

23.09.2010, 14:09
Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հարցը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն է քննարկվել նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և  ԵԱՀԿ նախագահությունը 2011 թվականին ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպման ընթացքում։  

«Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

Նալբանդյանի և Աժուբալիսի հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-