Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Խանտի Մանսիյսկում անցկացվող Համաշխարհային շախմատային 39-րդ Օլիմպիադայում, տեղեկացնում է armchess.am-ը։
Նախօրեին երկրորդ փուլում հայ շախմատիստները հաղթանակ են տարել Ավստրալիայի թիմի նկատմամբ 3,5։0,5 հաշվով։ Խաղում արդյունք ունեցան թիմի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես նաև Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։
Հայաստանի կանանց թիմն անհաջող հանդես եկավ երկրորդ փուլում՝ զիջելով չեխերին 1,5։2,5 հաշվով։ Միակ հաղթանակը գրանցեց Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը բավարարվեց ոչ-ոքիով, իսկ Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը զիջել են իրենց հակառակորդներին։
Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։
Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահուստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-