Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասկածներ ունի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև С-300 հրթիռազենիթային համակարգերի մատակարարումների մասին պայմանավորվածությունների վերաբերյալ։
«Ես, անկեղծ ասած, այդքան էլ համոզված չեմ, որ բարձր օղակներում նման պայմանավորվածություն կա»,- ասել է Սարգսյանն ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի համար նորություն չէ Ադրբեջանի սպառազինությունների գնումը Ռուսաստանից։ Սակայն, ինչպես կարծում է երկրի ղեկավարը, Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար։
«Մենք, անշուշտ, կարող ենք դժգոհ լինել, սա մեր խնդիրն է, սակայն մեղադրել Ռուսաստանին, որ նա Ադրբեջանին զենք է վաճառում, ճիշտ չէ»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է С-300-ին, ապա, ինչպես նշել է նախագահը, սա նախևառաջ հակաօդային պաշտպանության զենքի տեսակ է, և Հայաստանում արդեն վաղուց կան նման համակարգեր, ընդ որում՝ բավարար քանակությամբ։
Ինչպես հուլիսի վերջին գրել էր «Վեդոմոստի» թերթը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ու Ռոսօբորոնէքսպորտը պայմանագիր են կնքել երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր Բաքվին մատակարարելու մասին:
Սակայն հրապարակումից շատ չանցած Ռոսօբորոնէքսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն ՌԻԱ Նովոստիի հետ ունեցած զրույցում հայտարարեց, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենիթահրթիռային С-300 համալիրներ մատակարարելու պայմանագիր չկա»:
Միաժամանակ սեպտեմբերի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովին, հայտարարեցին, որ գործարքն իրականացման փուլում է: Նա այն ժամանակ ասել էր նաև, որ Բաքվի և Մոսկվայի միջև այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են 2007 թվականից:-0-