Զինվորներին նվաստացնող սպան կալանավորված է. ՀՀ ՊՆ

22.09.2010, 20:02
Զինվորներին նվաստացնող սպան կալանավորված է. ՀՀ ՊՆ
Զինվորներին նվաստացնող սպան կալանավորված է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ինտերնետում տեղադրված սկանդալային տեսանյութում զինվորներին նվաստացնող սպան կալանավորվել է, նրա նկատմամբ իշխանության չարաշահման մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։  

Հաղորդագրության համաձայն, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:

«Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (իշխանության չարաշահում) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Երկու զինվորները քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Սասուն Միքայելի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննությունները:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 11-ին YouTube ցանցում տեսանյութ է տեղադրվել, որում Հայաստանի Զինված ուժերի հագուստով երիտասարդներ ճնշումների, ծեծի և նվաստացումների են ենթարկվում։

Այս կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Հայաստանի ԶՈՒ անվանարկմանն ու հեղինակության խաթարմանն ուղղված նմանատիպ տեսանյութերի պատրաստումն ու դիտավորյալ տարածումը։ -0-